|
ՆՈՐԻՆ ՍՐԲԱԶՆՈՒԹԻՒՆ ԿԱՐԴԻՆԱԼ ԹԱՐՉԻԶԻՈ ԲԵՐԹՈՆԷ ՎԱՏԻԿԱՆԻ ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՈՂՋՈՅՆԻ ԽՕՍՔԸ ՓԱՆԻԿ Գերապայծառ Տեարք, սիրելի Տէր Անտոն, ժողովրդապետ այս համայնքի, յարգարժան Հայրեր եւ Քոյրեր, սիրելի բարեկամներ: Մեծ յուզմունքով այսօր գտնուում եմ այստեղ, Փանիկում, որ կարծես Հայաստանում կաթողիկէ ներկայութեան խորհրդանիշ լինի: Երբ Ծառայ Աստուծոյ Յովհաննէս Պօղոս Բ. Պապը այցելեց այս Երկիրը, հենց այս գիւղի մասին խօսեց եւ ասաց. «Երբ չարասիրտ մարդիկ Փանիկի զանգակատան խաչին կրակեցին, փորձում էին անարգել այն Աստծուն, որին չէին հաւատում»: Յիշեց ձեր եռանդը՝ այս եկեղեցում Տիրոջ փառքը երգելու, նոյնիսկ երբ բոլոր կաթողիկէ քահանաները վերացուել էին: Խօսեց Վազգէն Ա. երջանկայիշատակ Վեհափառ Հայրապետի մասին, որ հնարաւոր դարձրեց, համամիութենական մեծ բացուածքով, այստեղ ուղարկել համայնավարութիւնից յետոյ առաջին կաթողիկէ քահանային, Հայր Կոմիտասին: Ամէնքը յիշում են նրա համակրելի լինելը: Նա այժմ այս եկեղեցու մօտ է հանգչում: Պապի այցելութիւնից յետոյ, նրա կողքին ամփոփուեցին աճիւնները նրա Մխիթարեան եղբայրակցի՝ Հայր Անտոնի, ինչպէս նաեւ ձեր առաջին Առաջնորդի, Արքեպիսկոպոս Ներսէսի, որ մեզ թողեց աւելի քան մէկ տարի առաջ: Նրա հետ սերտ բարեկամութեամբ կապուած էր Յովհաննէս Պօղոս Բ. Քահանայապետը: Իր զարգացածութեամբ եւ կեանքի սրբութեամբ, համամիութենական ոգով եւ հեռատեսութեամբ, նա հնարաւոր դարձրեց Հայ Կաթողիկէ Եկեղեցու հովուական զարթօնքը, Հայ Առաքելական Եկեղեցու հետ կատարեալ համերաշխութեամբ: Ճշմարիտ օրինակ ամբողջ քրիստոնեայ աշխարհին: Նրա մէջ փայլում էին, ի սկզբանէ ճշմարիտ համամիութենական կամուրջ՝ Մխիթարեան Միաբանութեանը բնորոշ յատկութիւնները: Այս Միաբանութիւնը հաստատուն կերպով արմատացած է մնացել կաթողիկէ ինքնութեան եւ հնազանդութեան մէջ, միաժամանակ նուիրուած՝ պաշտպանելու հայ աւանդութեան ուղղափառութիւնը եւ զարկ տալու մշակոյթին, ծանր ու դժուարին ժամանակներում: Մաղթում եմ որ այդ կեցուածքը կարողանայ գոյատեւել իր ամբողջականութեամբ, որպէս Աստծուց Եկեղեցուն ընձեռուած թանկագին պարգեւաշնորհ: Հայր Ներսէսը բոլորի համար եղել է սիրալիր հայր եւ հոգեւոր առաջնորդ: Բենեդիկտոս ԺԶ. Քահանայապետի անունից, ուզում եմ այժմ յարգանքի տուրք մատուցել եւ բարձրացնել իմ աղօթքը, ամբողջ Եկեղեցու աղօթքը, այս բարի եւ հաւատարիմ ծառայի համար: Նա տարիքն առած հասակում թողեց Վենետիկի հանգստաւէտութիւնը՝ գալու իր զաւակների մօտ, զերթ ծերունի Սիմէոն, ինչպէս սիրում էր ասել: Նա երջանիկ զգաց տեսնելով, ի վերջոյ, իր կեանքի նպատակը: Աղօթում եմ, որ նրա օրինակելի վկայութիւնը չդադարի պտղաբերել, իմաստութեամբ եւ խոհեմութեամբ գծած իր շաւիղներում: Ձեզ բոլորիդ, Փանիկի եղբայրներ եւ քոյրեր, յատկապէս ձեր երեխաներին, մեծահասակներին եւ հիւանդներին, ամբողջ սրտով փոխանցում եմ Սրբազան Քահանայապետի ողջոյնն ու օրհնութիւնը: |