|
ՆՈՐԻՆ ՍՐԲԱԶՆՈՒԹԻՒՆ ԿԱՐԴԻՆԱԼ ԹԱՐՉԻԶԻՈ ԲԵՐԹՈՆԷ ՎԱՏԻԿԱՆԻ ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՈՒՂԵՐՁԸ «ՏԻՐԱՄԱՅՐ ՆԱՐԵԿԻ» ՀԻՒԱՆԴԱՆՈՑԻ ԿԱԶՄԻՆ ԱՇՈՑՔ Գերապայծառ Տեարք, սիրելի կրօնաւորներ եւ կրօնաւորուհիներ, Պարոն Տնօրէն, թանկագին բժիշկներ եւ բուժաշխատողներ, սիրելի հիւանդներ: Ուրախ եմ այցելելու այս Հիւանդանոցը, որ Ծառայ Աստծոյ Յովհաննէս Պօղոս Բ. Պապի աջակցութեան փափաքի արդիւնքն է, իրականացուած յատկապէս Իտալական Կարիտասի առատաձեռնութեամբ: Այն կառուցուեց սարսափելի երկրաշարժից անմիջապէս յետոյ, որ գրեթէ քսան տարի առաջ, աւերեց այս երկիրը, մեծ թուով զոհերի պատճառ դառնալով: Խորհրդային Հայաստանում, որտեղ բացակայում էր Կաթողիկէ Եկեղեցու որեւէ կառոյց, սա առաջին նշանն էր սիրոյ եւ մօտիկութեան, որ Պապը կարողացաւ ցոյց տալ հայ ժողովրդին: Այստեղ ուզեց որ լինի, Երկրի այս ծայրամասային եւ շատ մը պատճառներով առաւել տառապեալ շրջանում: Կամիլեանների եւ Յիսուսի Փոքր Քոյրերի վեհանձն ու արագ պատրաստակամութիւնը հնարաւոր դարձրեց որ այս կառոյցը ամբողջ այս տարիների ընթացքում ամբողջապէս ձրիաբար ծառայի աղքատներին, որ Քրիստոսի Մարմնի տառապող անդամներն են: Հայաստանից եւ հարեւան Վրաստանից ժամանաց քանի՜ քանի հիւանդներ են անցել այս ժամանակահատուածում: Եւ ինչքան սէր է ճառագայթել այստեղից, սահմանամերձ գիւղերում տեղակայուած բազմաթիւ բուժկետերի եւ ընտանիքներին օգնելու ծրագրերի միջոցով: Այս գործունէութիւնները Կրօնաւորների անխոնջ եւ գնահատելի ջանասիրութեան արդիւնք են: Յովհաննէս Պօղոս Բ. Պապը սաստիկ փափաքում էր այցելել այստեղ, սակայն իր առողջական վիճակը եւ ճանապարհի դժուարութիւնը թոյլ չտուեցին: Այժմ ես եկել եմ, իր յաջորդից ուղարկուած, Նորին Սրբութիւն Բենեդիկտոս ԺԶ.ից, գրեթէ այս փափաքը իրականացնելու համար: Լաւ գիտեմ թէ Նախախնամութեան քանի նշաններ, քանի իսկական հրաշքներ ընկերացան այս տեղանքը ընտրելու գործընթացին, շինարարական եւ ղեկաւարման աշխատանքներին: Գիտեմ թէ ինչպէս սա պատճառ դարձաւ պատահմամբ հանդիպելու շատ կաթողիկէների որ մօտակայ գիւղերում պահպանել էին իրենց հաւատը: Երբ անաստուած իշխանութիւնները ոչ իսկ մի քահանայ էին թողել իրենց խնամելու համար, գիտեմ թէ ինչպէս պահպանեցին փոքր եկեղեցիները՝ իրենց իսկ ձեռքերով, այդտեղ զետեղելով իրենց ամենագեղեցիկ իրերը: Այս է Եկեղեցու փառքը: Եւ Սրբազան Քահանայապետը օրը օրին հետեւեցաւ այս Հիւանդանոցի կառուցման. Վատիկանում նրա մանրակերտը օրհնեց առաջին գործակիցների ներկայութեան: Առանց հոգնելու տեղեկութիւններ խնդրեց նրա մասին: Նրան ուղղակի տրամադրեց ոչ քիչ անգամ, այնքան ինչքան օգտակար էր: Նա սկիզբից եւեթ ուզեց ցոյց տալ թէ Աւետարանի վկայութիւնը միշտ պէտք է յայտնուի միջքրիստոնէական միութեամբ: Այս պատճառով նեցուկ կանգնեց այն գաղափարին, որ Հիւանդանոցի Ղեկավար Խորհրդում, որ այն ժամանակ չէր կարող սեփական լինել, պետական իշխանութեան ներկայացուցիչներից եւ կաթողիկէ մասնակիցներից բացի, Վեհափառ Հայրապետի պաշտօնական ներկայացուցիչը լինէր: Այժմ, որ սեփականութիւնը Քամիլեան վարդապետներինն է, այս միասնական պարտաւորուածութիւնը չի կարող եւ պէտք չէ որ նուազի: Այստեղ, այս կղզիացման, այս բարձրութեան եւ կլիմայական պայմաններում աշխատած Կրօնաւորներին եւ Կրօնաւորուհիներին ուզում եմ յայտնել Կաթողիկէ Եկեղեցու ամբողջ երախտագիտութիւնը: Պապը յատուկ կերպով նրանց յիշում է: Բժիշկներին, որ իրենց կարողութիւնը դրել են ի սպաս կեանքի եւ մարդու արժանապատուութեան, ուզում եմ յիշեցնել, որ հիւանդը՝ նոյն Քրիստոսն է: Ձեզանից խնդրում ենք այստեղ, որ պաշտպանէք կեանքը՝ ամէն միջոցով եւ նրա զարգացման իւրաքանչիւր փուլում: Խնդրում ենք որ ցոյց տաք թէ բուժելը աշխատանք չէ, այլ կոչում, որին երբեմն ոչ բոլորը հաւատարիմ են մնում: Մենք ուզում ենք աշխատել նրանց հետ, որ ի վիճակի են ընդունելու այս պատասխանատուութիւնը, որ միաժամանակ մեծ ուրախութեան պատճառ է: Բոլոր աշխատակիցներին ուզում եմ յայտնել իմ շնորհաւորանքներս՝ այս Հիւանդանոցում տիրող վայելուչ, մաքուր եւ կոկիկ վիճակին: Շնորհակալութիւն այստեղ մատուցուող ծառայութիւնների համար, որ երբեմն իւրօրինակ են, ինչպէս հիւանդների սեղանատունը: Հենց ձեզ, սիրելի հիւանդ եղբայրներ, ուզում եմ յայտնել Պապի եւ ամբողջ Եկեղեցւոյ մօտիկութիւնը: Ով տառապում է մարմնով եւ հոգով, ստէպ չի հասկանում Աստծոյ ծրագիրները: Սակայն Նրա հայրական սէրը, նոյնիսկ խորհրդաւոր ճանապարհներով, չի դադարում յայտնուելուց, եւ հաւատարիմ է: Քրիստոսի Եկեղեցին՝ Կաթողիկէ Եկեղեցու այս կառոյցով, ինչպէս Առաքելական Եկեղեցու Հայաստանում նախաձեռնած այլ միջոցներով, ուզում է այս հաւատարիմ սիրոյ նշանը լինել: Եկեղեցին ուզում է թեթեւացնել հիւանդի տառապանքները, փոխ տալով Աստծոյ միտքը, սիրտը եւ ձեռները: Սրա խօսուն փաստն է այսպիսի կառոյցը, որ աշխատում է առանց որեւէ շահի հեռանկարի: Նոյնչափ երախտապարտ ենք Անարատ Յղութեան Հայ Քոյրերի եւ Սիրոյ Առաքեալների՝ Մայր Թերեզայի Քոյրերի գործունէութիւններին: Բոլորն էլ աշխատում են վաղաժամ ողբերգական կեանքի դառնութիւնների դատապարտուած երեխաների եւ երիտասարդների համար: Շատ անգամ հենց սրա համար, մերժումի արժանանալու վտանգուած, սակայն առաւել եւս թանկագին Աստծոյ աչքերին: Շուտով յիշատակուելու է սարսափելի երկրաշարժի քսանամեակը, որի եղեռական հետեւանքներին մասնակի պատասխան լինել է ուզում այս կառոյցը: Ուզում եմ հիմիկուանից ապահովել, որ աւելի հզօր եւ յարատեւ է լինելու այդ առիթով Կաթողիկէ Եկեղեցու աղօթքը՝ վախճանած հաւատացեալների հոգիների համար, եւ վերապրածների մխիթարութեան համար: Իմ կողմից, ձեզնից աղօթք եմ խնդրում Պապի համար, Կաթողիկոսի համար, ինչպէս նաեւ Եկեղեցում իմ ծառայութեան համար: Աստուած իւրայատուկ կերպով լսում է տառապողի աղօթքին: Բոլորիդ փոխանցում եմ սէրն ու օրհնութիւնը Բենեդիկտոս ԺԶ. Սրբազան Քահանայապետին եւ ամբողջ Կաթողիկէ Եկեղեցու սրտակցութիւնը: |